Միջազգային

Օրբանի այցը Վրաստան նրա անձնական նախաձեռնությունն է. Politico

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի առաջիկա այցը Վրաստան պետք է գնահատել որպես նրա անձնական նախաձեռնություն։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով անանուն եվրոպացի դիվանագետին։

Պարբերականի զրուցակցի խոսքով՝ Հունգարիայի վարչապետի այցը Վրաստան պետք է հասկանալ միայն որպես «Օրբանի հերթական մենահամերգ, որն ակնհայտորեն Եվրամիության անունից հանդես չի գալիս արտաքին աշխարհի առջև»:

Հունգարիայի կառավարության ներկայացուցիչ Զոլտան Կովաչը X-ի էջում գրել է, որ այցը կազմակերպվել է Վրաստանի խնդրանքով: Օրբանին կուղեկցեն Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, էկոնոմիկայի նախարար Մարտոն Նագին և ֆինանսների նախարար Միխալի Վարգան:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-29-ը Օրբանը նախատեսում է պաշտոնական այց կատարել Վրաստան: Հունգարիայի վարչապետին կընդունի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: