«Հավանաբար, իմպիչմենտ կլինի, և ինձ բանտ կնստեցնեն, եթե դա տեղի ունենա»,- այսպես է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պատասխանել մամուլի ասուլիսի ժամանակ տրված հարցին, թե ինչ կլինի, եթե ընտրություններում հաղթի «Վրացական երազանքը»:
Զուրաբիշվիլիի խոսքով՝ այս ընտրությունները էքզիստենցիալ նշանակություն ունեն։
Միևնույն ժամանակ, Վրաստանի նախագահը պատասխանել է հարցին, թե եթե ընտրություններում հաղթի ընդդիմությունը, ինչպես են բալանսավորվելու Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները, կամ արդյոք պատժամիջոցներ կկիրառվեն Ռուսաստանի նկատմամբ: Զուրաբիշվիլիի խոսքով՝ «Վրաստանը երբեք չի հավասարակշռել Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները»․
«Վրաստանը միացել է պատժամիջոցներին այն մակարդակով, ինչ Մոլդովան է, թեև՝ կան նրբերանգներ։ Դա խնդիր չէ: Վրաստանը երբեք չի հավասարակշռել Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները։ Կար մի հստակ ճանապարհ, որին հետևում էր նաև «Վրացական երազանքը» իր կառավարման երկար ժամանակահատվածում՝ եվրոպական ինտեգրման ճանապարհը, որովհետև այլընտրանք չկա, թե որտեղ Վրաստանը ձեռք կբերի անկախություն, բարգավաճում, խաղաղություն: Այդպես է կարծում նաև բնակչության 90% -ը։ Այդպես նրանք աջակցում էին «Վրացական ուղուն»։ Վերջին 30 տարվա ընթացքում ոչինչ չի խանգարել բնակչությանն այդ ճանապարհին։ Այդ ճանապարհը կհաղթի, քանի որ այլընտրանք չկա», - ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։