Պարբերականը, հղում անելով ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի գործող և նախկին պաշտոնյաների շրջանում սեփական աղբյուրներին, գրում է, որ մասնավոր զրույցներում նրանք քննարկել են անձնական թեմաներ, բիզնես և աշխարհաքաղաքականություն, ինչը անհանգստացնում է ԱՄՆ նախագահի վարչակազմին, քանի որ Մասկը կարող է մուտք ունենալ որոշակի գաղտնի տեղեկատվության:
2022 թվականի հոկտեմբերին Մասկը հրապարակավ հայտարարել է, որ Պուտինի հետ շփվել է միայն մեկ անգամ՝ տիեզերքի մասին: Սակայն 2022 թվականից հետո Մասկը խոսել է նաև մի քանի բարձրաստիճան ռուս պաշտոնյաների հետ, որոնց թվում է եղել Պուտինի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն։ Թե ինչի մասին էր նրանց խոսակցությունը եղել, պարբերականի աղբյուրը չի նշել։
WSJ-ի երկու զրուցակից էլ նաև նշել են, որ Պուտինը Մասկին իբր խնդրել է չակտիվացնել Թայվանի երկնքում Starlink արբանյակային կապի տերմինալները, որպեսզի «ծառայություն մատուցի Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին»:
Պարբերականը նշում է, որ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո ԱՄՆ-ն ու դաշնակիցները նվազեցրել կամ ամբողջովին դադարեցրել են շփումները Պուտինի հետ, ուստի Մասկի հետ նրա զրույցները կարող են ազդարարել ռուս բռնապետի հետ շփումների վերսկսման և «հիմնական տարաձայնությունները» կարգավորելու ցանկության մասին, ինչի մասին բազմիցս խոսել է Թրամփը, որին Մասկը վերջերս աջակցել է նախընտրական արշավում: