Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը Կազանում կայացած հանդիպման ժամանակ նշել են դիրքորոշումների և մոտեցումների էական համընկնում այն ամենի վերաբերյալ, ինչ կատարվում է աշխարհում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պուտինի և Ծինփինի հանդիպումը տեղի է ունեցել BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում։
«Եվս մեկ անգամ նշվել է դիրքորոշումների և մոտեցումների էական համընկնումն այն ամենի վերաբերյալ, ինչ տեղի է ունենում աշխարհում»,- ասել է Պեսկովը և հավելել, որ քննարկվել է նաև BRICS-ի օրակարգը։
Վլադիմիր Պուտինը հանդիպմանը նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն օրինակելի են, կայունացնող գործոն համաշխարհային ասպարեզում։ Չինաստանի ղեկավարի խոսքով՝ վերջին տասնամյակում ՉԺՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները երկար ճանապարհ են անցել և աննախադեպ բնույթ են ստացել։