Միջազգային

Այստեղ հաղթեց Վրաստանը, հաղթեց նրա ապագան․ Սալոմե Զուրաբիշվիլի

«Ամեն ինչ պարզ է՝ այստեղ հաղթեց Վրաստանը, հաղթեց նրա ապագան», հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիի Ազատության հրապարակում «Վրաստանն է ընտրում Եվրամիությունը» ցույցին իր ելույթում։

Նա վստահություն է հայտնել, որ հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում քաղաքացիները կքվեարկեն հանուն երկրի եվրոպական ապագայի։

«Ամեն ինչ նշան է, որ գալիս է նոր ապագա, գալիս է նոր Վրաստան: Վրաստանը, որն այսօր կանգնած է իմ առջև, ազատ Վրաստանն է։ Այստեղ մարդիկ չկան, որոնց ստիպել են գալ. չկա մեկը, ում ասել են՝ եթե չգաս, կկորցնես աշխատանքդ կամ կրթաթոշակդ», հայտնում է Newsgeorgia-ն։

Բացի այդ, Զուրաբիշվիլին դիմել է Մոլդովայի և Ուկրաինայի նախագահներ Մայա Սանդուն և Վլադիմիր Զելենսկիին։

«Մայա, այսօր քո հաղթանակի օրն է լինելու և եվրոպական ընտրության հաղթանակի օրը»,- Սանդուին ընտրություններում հաղթանակ է մաղթել Զուրաբիշվիլին։

«Մենք գիտենք, որ դուք կռվում եք մեզ համար և հաղթելու եք, և մենք միասին կմտնենք Եվրոպա»,- այս խոսքերն է ուղղել Զելենսկիին։

Նախագահը նաև դիմել է Վրաստանի միջազգային գործընկերներին՝ ԵՄ-ին և ԱՄՆ-ին.

«Ուզում եմ ասել, որ մենք լինելու ենք այնպիսի գործընկերներ և այնպիսի դաշնակիցներ, ինչպիսին չէիք երազում։ Երբ մենք մտնենք Եվրոպա․․․ և մենք կմտնենք Եվրոպա», ասել է նա։