Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ստամբուլում համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել։
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը ցանկանում է ոչ թե պատերազմը որոշակի շրջանակում սահմանափակել, այլ այն ընդլայնել։ Նրա խոսքով՝ Շոլցի հետ հանդիպմանը քննարկել են Իսրայելի կողմից Գազայի հատվածում և պաղեստինյան տարածքներում իրականացված ցեղասպանության, ինչպես նաև Լիբանանում հարձակումների հարցը։
Թուրքիայի ղեկավարը նշել է, որ գերմանական կողմի հետ որոշել են համատեղ պայքարել ահաբեկչական կազմակերպությունների դեմ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում Գերմանիայի հասարակական անվտանգության համար։
Էրդողանը նաև հավելել է, որ Անկարան և Բեռլինը մտադիր են զարգացնել համագործակցությունը՝ հետևում թողնելով նախկինում առաջացած խնդիրները պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարման հարցում։
Շոլցը, իր հերթին, հայտարարել է, որ Իսրայել-Պաղեստին դեէսկալացիան և հրադադարը անհրաժեշտ են այս հակամարտության տարածումը կանխելու համար: Նրա խոսքով՝ պետք է լինի երկու պետության սկզբունքը։