Միջազգային

«Ցանկանում ենք խաղաղություն կնքել ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի հետ»․ Ամիրբեկով

Ադրբեջանն անիրատեսական և անընդունելի է համարում խաղաղության պայմանագիր կնքելու Հայաստանի առաջարկը, որում դեռևս համաձայնեցված չեն մի քանի կարևոր հոդվածներ։ Այս մասին Berliner Zeitung-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Ամիրբեկովը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է Բաքուն վերաբերվում այն հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է նույնիսկ վաղը խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, ընդգծել է, որ կասկածում է այս հայտարարության անկեղծությանը։

«Նույնիսկ վաղն անավարտ, կիսատ համաձայնագրի ստորագրման առաջարկը ոչ միայն անիրատեսական է և անընդունելի, այլև ապակողմնորոշող։ Կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն պայմանագրի նախագծի մի քանի կարևոր դրույթ, որոնք բաց են, առանց որոնց փաստաթուղթը կլինի կոպիտ և թերի»,- նշել է նա։

Ամիրբեկովի խոսքով՝ խաղաղության հասնելու ճանապարհին հիմնական խոչընդոտը «Հայաստանի դեռ գոյություն ունեցող տարածքային պահանջներն են Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ արտացոլված Հայաստանի Սահմանադրության մեջ», և «այս հիմնական խնդիրն անտեսելը հավասարազոր է սենյակում գտնվող փղին չնկատելուն»:

«Հայաստանը ցանկանում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը՝ ստեղծելով թյուր տպավորություն, թե իբր կառուցողականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում, բայց իրականում՝ ժամանակ է ձգում և խաղաղության գործընթացը տանում է դեպի փակուղի։ Ակնհայտ է, հենց Հայաստանն սկսեց անսահմանափակ քանակությամբ դիվանագիտական, տնտեսական և ռազմական օգնություն ստանալ Արևմուտքից, այդ թվում՝ ԵՄ-ից, ԱՄՆ-ից և ԵՄ անդամ առանձին երկրներից, նա կորցրեց բանակցություններին կառուցողականորեն մասնակցելու բոլոր հետաքրքրությունները, և կարծես թե Ադրբեջանի հետ խաղաղության հասնելն այլևս նրա համար առաջնահերթություն չէ»,- ընդգծել է նա։

Ամիրբեկովը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյունքի հասնելն արագացնելու համար կողմերը պայմանավորվե՞լ են «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը դուրս բերել խաղաղ համաձայնագրի շրջանակներից, և արդյոք հնարավո՞ր է նույն կերպ հետաձգել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, Ամիրբեկովը նշել է, որ «բացարձակապես սխալ է զուգահեռ անցկացնել այս երկու հարցերի միջև, քանի որ դրանք բոլորովին տարբեր են իրենց կարևորությամբ՝ կայուն խաղաղության հասնելու համար»։

«Եթե ​​Սահմանադրությունը թողնենք ներկայիս տեսքով, ապա խաղաղության պայմանագիրը կարճատև կլինի, քանի որ Հայաստանի ցանկացած նոր ղեկավարություն, որը դեմ է Ադրբեջանի հետ խաղաղությանը, պարզապես կչեղարկի այն՝ պատճառաբանելով համաձայնագրի անհամապատասխանությունն ամենաբարձր իրավական ուժ ունեցող Սահմանադրությանը։ Այսինքն՝ Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն կնքել ոչ թե վարչապետ Փաշինյանի, այլ Հայաստանի հետ»,- ընդգծել է նա։

Ըստ Ամիրբեկովի՝ դրա համար Ադրբեջանը չի կարող իրավական բացեր թողնել, որոնք ժամանակի ընթացքում կարող են հանգեցնել հակամարտության վերակենդանացման և նոր ողբերգությունների, «հետևաբար պետք է վերացնել հայ-ադրբեջանական երկարատև առճակատման բուն պատճառը»: Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը հավելել է, որ պաշտոնական Բաքուն դեռ մեծ նշանակություն է տալիս դրա բացմանը։

«Սակայն, համաձայնվելով այն դուրս բերել խաղաղության համաձայնագրի շրջանակներից, Ադրբեջանը չի ցանկանում խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները տապալելու համար քննադատության արժանանալ»,- ընդգծել է Ամիրբեկովը։