Միջազգային

Բայդենը Սինվարի սպանությունը համեմատել է բեն Լադենի ոչնչացման հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարին և ՀԱՄԱՍ-ի այլ առաջնորդներին գտնելու համար ԱՄՆ Հատուկ գործողությունների անձնակազմին և հետախուզության մասնագետներին հանձնարարել էր կողք-կողքի աշխատել իսրայելցի գործընկերների հետ։

«ԴՆԹ թեստերը հաստատել են, որ Սինվարը մահացել է: Սա լավ օր է Իսրայելի, Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի համար։ Որպես ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման առաջնորդ՝ Սինվարը պատասխանատու է հազարավոր իսրայելցիների, պաղեստինցիների, ամերիկացիների և ավելի քան 30 երկրների քաղաքացիների մահվան համար։ Նա հոկտեմբերի 7-ի սպանդի, բռնաբարության և առևանգման պատվիրատուն էր: Նրա հրամանով էր, որ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները ներխուժեցին Իսրայել՝ դիտավորյալ և անասելի դաժանությամբ սպանելու խաղաղ բնակիչներին»,- ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ ասել է Բայդենը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ հետախուզության ծառայույան օգնությամբ Իսրայելի պաշտպանության բանակն անխնա հետապնդում էր ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին՝ դուրս մղելով նրանց թաքստոցից և ստիպելով փախչել:

«ՀԱՄԱՍ-ի առաջնորդներն ապրում և շարժվում են հարյուրավոր մղոն թունելներով, որոնք գետնի տակ մի քանի հարկ են։ Որոշել են այսպես պաշտպանել իրենց, սակայն այս օրը ևս մեկ անգամ ապացուցում է, որ աշխարհում ոչ մի ահաբեկիչ չի կարողանա խուսափել արդարադատությունից»,- ասել է ԱՄՆ նախագահը։ 

Բայդենն այս սպանությունը համեմատել է 2011 թվականին Ուսամա բեն Լադենի ոչնչացման հետ և նշել, որ Իսրայելը լիովին իրավունք ունի վերացնել ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանն ու ռազմական կառուցվածքը։ 

«Շուտով ես կխոսեմ վարչապետ Նեթանյահուի և Իսրայելի մյուս առաջնորդների հետ՝ շնորհավորելու նրանց, քննարկելու պատանդներին իրենց ընտանիքներին տուն վերադարձնելու ուղիները և մեկընդմիշտ վերջ տալու այս պատերազմին: Այժմ Գազայում «վաղվա» հնարավորություն կա առանց ՀԱՄԱՍ-ի կառավարման և քաղաքական կարգավորման, որն ավելի լավ ապագա կապահովի և՛ իսրայելցիների, և՛ պաղեստինցիների համար: Յահյա Սինվարը անհաղթահարելի խոչընդոտ էր այս բոլոր նպատակներին հասնելու համար։ Այս խոչընդոտն այլևս գոյություն չունի։ Բայց մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու»,- նշել է Բայդենը։