Հնդկաստանի և Կանադայի հարաբերություններն այսօր գտնվում են ամենացածր մակարդակում, երբ երկրները վտարում են միմյանց բարձրաստիճան դիվանագետներին՝ Կանադայում սիկհ ակտիվիստի սպանության շուրջ շարունակվող վեճի պատճառով, գրում է Apnews-ը։
Կանադան հայտնել է, որ Հնդկաստանի քաղաքացի հանդիսացող բարձրաստիճան դիվանագետին ճանաչել է որպես սպանության դավադրության մեջ շահագրգիռ անձ և երկուշաբթի արտաքսել նրան և հինգ այլ դիվանագետի:
Հնդկաստանը հերքել է մեղադրանքները՝ այն անվանելով անհեթեթ։ Ի պատասխան՝ Հնդկաստանի ԱԳ նախարարությունն արտաքսել է Կանադայի գերագույն հանձնակատարի պաշտոնակատարին և հինգ այլ դիվանագետի:
Սա վերջին զարգացումն է 2023 թվականի հունիսին սիկհ ակտիվիստ Հարդիփ Սինգհ Նիջարի սպանության շուրջ սրվող հակասությունների շուրջ:
Ինչի՞ շուրջ է վեճը
Նիջարը մահացու վիրավորվել էր իր ավտոմեքենայում՝ 2023 թվականի հունիսին Սուրեյ քաղաքում իր ղեկավարած սիկհական տաճարից հեռանալուց հետո: Նա հնդկական ծագմամբ Կանադայի քաղաքացի էր, սիկհերի անկախ հայրենիք ստեղծելու շարժման առաջնորդն էր։ Շարժումն արգելված է Հնդկաստանում:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն 2023 թվականի սեպտեմբերին հայտարարել էր՝ կասկածներ կան, որ Հնդկաստանի կառավարությունը մասնակցություն է ունեցել սպանությանը: Այն ժամանակ Հնդկաստանը հերքել էր մեղադրանքները, սակայն ասել, որ Նիջարը ներգրավված էր «ահաբեկչության մեջ»:
Ինչպե՞ս են հարաբերությունները հասել այս մակարդակին
Երկրների միջև լարվածությունը կրկին սրվել էր մայիսին։ Կանադական ոստիկանությունը հայտարարել էր, որ ձերբակալել է Հնդկաստանի երեք քաղաքացու, ովքեր մեղադրվում են Նիջարի սպանության մեջ և «հետաքննում են, թե արդյոք կապեր կա՞ն Հնդկաստանի կառավարության հետ»:
Հնդկաստանը հերքել էր մեղադրանքները՝ ասելով, որ Կանադան «քաղաքական պարտադրանքի» մեջ է մեղադրում Հնդկաստանին:
Ի՞նչ փոխվեց հիմա
Կանադան այժմ ասում է, որ ոստիկանությունը գտել է Հնդկաստանի կառավարության գործակալների կողմից Կանադայի քաղաքացիների դեմ արշավի ուժեղացման ապացույցներ: Միևնույն ժամանակ, Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հայտարարել է, որ Կանադան հավաքել է «բավարար, հստակ և կոնկրետ ապացույցներ 6 մարդու մասին, որոնք Նիջարի գործով շահագրգիռ անձինք են»:
Երկուշաբթի օրը Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Կանադայի կառավարությունը «չնայած բազմաթիվ խնդրանքներին» «ոչ մի ապացույց չի ներկայացրել» Հնդկաստանի կառավարությանը: Նախարարությունը նաև մեղադրանքներն անվանել է «քաղաքական շահի համար Հնդկաստանը նսեմացնելու» կանխամտածված ռազմավարության մաս: