Միջազգային

Շվեյցարիան կարող է ԼՂ հակամարտությանը նվիրված խաղաղության համաժողով կազմակերպել

Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը դիմել է կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված միջազգային խաղաղության համաժողով կազմակերպելու առաջարկով:

Ընդունված բանաձևում խորհրդարանականները կոչ են անում խորհրդաժողովը կազմակերպել հնարավորինս շուտ՝ մեկ տարվա ընթացքում:

Կոնֆերանսի նպատակն է «նպաստել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև բաց երկխոսությանը պատմական հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի վերաբերյալ՝ միջազգային դերակատարների հսկողության կամ ներկայության ներքո»:

Խորհրդարանականները հիշեցնում են միջազգային դատարանի 2023թ․ նոյեմբերի 17-ի որոշումը, որը պարտավորեցրել էր Ադրբեջանին՝ ապահովել սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից հեռացած մարդկանց վերադարձը, եթե նրանք նման ցանկություն ունեն:

Նրանք նաև հիշեցրել են Եվրախորհրդարանի ս․թ․ մարտի 12-ի բանաձևի մասին, որում Ադրբեջանին կոչ է արվում անցնել Ղարաբաղի հայերի հետ թափանցիկ երկխոսության:

Նախագծի հեղինակներն ընդգծել են հակամարտության խաղաղ կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների պաշտպանության համար նոր բանակցային ձևաչափի անհրաժեշտությունը՝ նշելով, որ աշխարհաքաղաքական լարվածության պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի հնարավորություններն այսօր խիստ սահմանափակ են:

Խորհրդարանականները նաև ընդգծել են միջազգային հակամարտություններում Շվեյցարիայի, որպես չեզոք միջնորդի, հաջողված փորձը՝ հիշեցնելով, որ 2009թ. հոկտեմբերին «հենց Շվեյցարիայի միջնորդությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեցին ցյուրիխյան արձանագրությունները՝ ուղղված երկկողմ հարաբերությունների կարգավորմանը»: