Միջազգային

Զելենսկին այսօր Ռադայում կներկայացնի «Հաղթանակի ծրագիրը»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Ռադայում կներկայացնի «Հաղթանակի ծրագիրը». հայտարարել է նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Սերգեյ Լեշչենկոն.

«Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ կունենա Գերագույն ռադայում։ Ակնհայտ է, որ այժմ կա միայն մեկ պատճառ այս իրադարձության համար՝ հաղթանակի ծրագրի հանրային ներկայացումը»,-ասել է նա։

Հոկտեմբերի 9-ին Զելենսկին սկսել է իր շրջագայությունը դեպի Եվրոպա։ Հոկտեմբերի 10-ին նա հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի և ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ և ներկայացրել «Հաղթանակի ծրագիրը»։ Հանդիպումից հետո Ռյուտեն հաստատել է Ուկրաինային աջակցելու իր հանձնառությունը, սակայն Զելենսկիի նախաձեռնության մասին մանրամասներ չի հայտնել։

Հոկտեմբերի 10-ին Corriere della Sera թերթը գրել է, որ Զելենսկին պատրաստ է զինադադարի` առանց նոր սահմանների ճանաչման, պայմանով, որ եվրոպական իշխանությունները երաշխավորեն երկրի արագացված անդամակցությունը ԵՄ-ին: Հրատարակության համաձայն՝ խոսքը նաև ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների մասին է՝ նման այն երաշխիքներին, որոնք ժամանակին Վաշինգտոնը տրամադրել է Ճապոնիային, Հարավային Կորեային և Ֆիլիպիններին։