Միջազգային

ԱՄՆ-ն զգուշացնում է Իրանին՝ դադարեցնել Թրամփի դեմ բոլոր դավադրությունները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ցուցումներից հետո Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաներն ուղերձ են հղել Իրանի կառավարությանը՝ զգուշացնելով դադարեցնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և նախկին այլ պաշտոնյաների դեմ բոլոր դավադրությունները։

Իրանին տեղեկացրել են, որ Թրամփի վրա հարձակվելու ցանկացած փորձ պատերազմի ակտ է։ Իր հերթին, Թեհրանը Վաշինգտոնին մեղադրում է իր գործերին տասնամյակներ շարունակ միջամտելու մեջ։

Սեպտեմբերի 24-ին Թրամփի թիմակիցներից մեկը հայտնել էր, որ ԱՄՆ հետախուզության աշխատակիցները տեղեկացրել են Իրանի կողմից ենթադրյալ սպառնալիքի մասին։

Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Շոն Սավեթը հայտնել է, որ համապատասխան գերատեսչությունները հետևողականորեն և օպերատիվ կերպով տեղեկատվություն են տրամադրել ԱՄՆ նախկին նախագահին ուղղված սպառնալիքների մասին:

Նախագահ Բայդենը կրկնել է, որ ԱՄՆ Գաղտնի ծառայությանը կտրամադրվեն լիարժեք ռեսուրսներ՝ նախկին նախագահի դեմ ուղղված սպառնալիքներին արձագանքելու համար: