Միջազգային

«Վրաստանը ղեկավարում է «ռուսական կառավարությունը»». Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկիրը ղեկավարում է «ռուսական կառավարությունը» և մեղադրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծելու ցանկության մեջ։

Զուրաբիշվիլին կարծում է, որ «Վրացական երազանք» կուսակցությունը, որն իշխում է 2012 թվականից, քարոզչություն է վարում, որը հիմնված է բևեռացման և ահաբեկման մարտավարության վրա, ինչպես Ռուսաստանում։

«Սրանք սովորական ընտրություններ չեն, այլ ընտրություն եվրոպական ապագայի և ռուսական անցյալի միջև»,-ասել է Զուրաբիշվիլին։

Նրա խոսքով՝ իշխող քաղաքական ուժի գործողությունները հակասում են Վրաստանի եվրաատլանտյան նկրտումներին։

«Վրացական երազանքի» պատգամավորները բազմիցս հայտարարել են, որ նախագահը գործում է ելնելով Արևմուտքի շահերից, աջակցում է արմատական ​​ընդդիմությանը և հանդիսանում է «օտարերկրյա գործակալ» երկրի ներսում։