Կիևը պատրաստ է առանց նոր սահմանների ճանաչման հրադադարի՝ ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքներ ստանալու ու ԵՄ-ին անդամակցելու դիմաց. գրում է Corriere della Sera թերթը՝ նշելով, որ եվրոպական շրջագայության ընթացքում, որը ներառում է Փարիզը, Հռոմը և Բեռլինը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է ԵՄ-ից և ԱՄՆ-ից երաշխիքներ ստանալ։
«Զելենսկիի ակտիվությունն ապացուցում է այն պնդումը, որ եկել է հակամարտությունից դուրս գալու ուղիներ փնտրելու պահը, որոնք Ուկրաինային ծնկի չեն բերի։ Սեպտեմբերին Ուկրաինան հակամարտության սկզբից ի վեր ամենամեծ տարածքներն է կորցրել։ Միևնույն ժամանակ, Կուրսկում ուկրաինական ուժերը հայտնվել են Ռուսաստանի թակարդում և չեն կարողանում օգնություն հասցնել Դոնբաս, որտեղ ռուսական ուժերը զգալիորեն գերազանցում են ուկրաինական ուժերին։ Զելենսկին պետք է համոզի եվրոպացիներին և ներկայացնի իր քաղաքական պլանը։ Նա չի կարող պաշտոնապես հրաժարվել տարածքներից, դա չափազանց շատ է ուկրաինացի ցանկացած գործչի համար։ Բայց նա պատրաստ է հրադադար հաստատել ներկայիս ճակատային գծի երկայնքով՝ առանց նոր սահմանների ճանաչման և արևմտյան երաշխիքների դիմաց»,-գրում է թերթը։
Նշենք, որ Հռոմ այցի ժամանակ Զելենսկին կհանդիպի Հռոմի պապի հետ։