Միջազգային

«Շատ լավ կլիներ, եթե Վրաստանը վերադառնար մեր ընտանիք». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվայում կայացած գագաթնաժողովում հայտարարել է, որ կցանկանար վերականգնել «ԱՊՀ ընտանիքն»՝ իր նախկին կազմով․

«Շատ լավ կլիներ, եթե մեր ընտանիք վերադառնար Վրաստանը, վերսկսեր իր լիարժեք մասնակցությունը Մոլդովան, ուշքի գային Ուկրաինայի իշխանությունները, որոնց բնականոն կյանքի վերականգնմանը մենք ստիպված կլինենք մասնակցել։ Ես միանգամայն համոզված եմ, որ այդպես էլ կլինի, պարզապես ժամանակի հարց է», - Լուկաշենկոյի խոսքը մեջբերել է «Բելտա» գործակալությունը։

Լուկաշենկոն ընդգծել է, որ երկրները պետք է փայփայեն այն, ինչ ունեն․

«Բոլոր նրանք, ովքեր չեն կտրվել մեր համագործակցությունից, այսօր արժանապատիվ արդյունքներ են ցույց տալիս։ Չեն կորցրել իրենց երկրի կառավարումը, մնում են միջազգային հարաբերությունների լիարժեք սուբյեկտներ», - ասել է նա։

Ավելի վաղ Լուկաշենկոն ասել էր, որ Վրաստանում «կուշտ են արևմտյան խոստումներից» և ցանկանում են վերադառնալ ԱՊՀ շուկա. «Որովհետև ոչ ոք ձեզ ոչ կաթով, ոչ մսով, ոչ գինիով չի թողնի իր շուկաներ»:

Նա նաև հայտարարել է, որ Վրաստանն «արդեն հեռու է գնացել» հետխորհրդային մյուս երկրներից. այստեղ երիտասարդներն ավելի հաճախ են խոսում անգլերեն, քան ռուսերեն: