Հայաստանում WCIT 2024-ի փակման արարողության ժամանակ SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հատուկ ուղերձով է հանդես եկել՝ ոգևորություն հայտնելով երկրում ապագա նախագծերի վերաբերյալ։ Սպասվում էր, որ Մասկը տեսաուղերձով հանդես կգա, սակայն դրա փոխարեն նա բացառիկ հայտարարություն է ներկայացրել, որը հոկտեմբերի 7-ին միջոցառման ժամանակ ընթերցել է ամերիկահայ գործարար Ռազմիկ Հովագիմյանը, հաղորդում է «Զարթոնք Մեդիա»-ն։
Իր ուղերձում Մասկն ասել է. «Բարև բոլորին, ցավում եմ, որ այս անգամ չկարողացա գալ Երևան, բայց հուսով եմ՝ հաջորդ անգամ կգամ: Ուրախ եմ Starlink-ը Հայաստան բերելու և տեղի տեխնոլոգիական համայնքի հետ որոշ հետաքրքիր նախագծերի վրա աշխատելու կապակցությամբ՝ տիեզերքի ուսումնասիրությունից մինչև բաց և թափանցիկ արհեստական բանականության զարգացում, որը մղում է մարդկային հասկացողության սահմանները»,- ասել է նա:
Մասկը հաստատել է, որ հույս ունի Հայաստանում շուտով գործարկել Starlink-ը, քայլ, որն ակնկալվում է զգալիորեն բարելավել ինտերնետ կապը հեռավոր շրջաններում։ «Starlink-ի գերարագ արբանյակային ինտերնետը ներուժ ունի հեղափոխելու հաղորդակցությունը՝ հատկապես գյուղական վայրերում, օգնելով հաղթահարել երկրում թվային անջրպետը»,- գրում է աղբյուրը:
Բացի Starlink-ից, Մասկը ցանկություն է հայտնել համագործակցել հայկական տեխնոլոգիական համայնքի հետ տիեզերական հետազոտության և բաց արհեստական ինտելեկտի հետ կապված նախագծերում։ Սա ազդարարում է SpaceX-ի և Հայաստանի աճող տեխնոլոգիական հատվածի միջև համագործակցության ապագա հնարավորությունները՝ ավելի բարձրացնելով երկրի դերը համաշխարհային նորարարության լանդշաֆտում:
«Մասկի հայտարարությունը ընդգծում է Հայաստանի աճող ներկայությունը տեխնոլոգիական նորարարությունների աշխարհում, որի համբավն ամրապնդվել է միջազգային իրադարձություններով, ինչպիսիք են WCIT-ը և DigiTec-ը»,- հայտնում է «Զարթոնք Մեդիա»-ն: