Միջազգային

ԱՊՀ երկրների ԱԳ նախարարները հայտարարություն են ընդունել

ԱՊՀ երկրների ԱԳ նախարարները Մոսկվայում կայացած հանդիպմանը հայտարարություն են ընդունել եվրասիական տարածքում անվտանգության ոլորտում համագործակցության սկզբունքների մասին՝ նշելով միջազգային իրավունքի համակարգման պահպանման կարևորությունը. հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեն։

Փաստաթղթում նշվում է, որ ԱՊՀ երկրները գիտակցում են միջազգային իրավունքի պահպանման և պաշտպանության անհրաժեշտությունը, որի հիմքը ՄԱԿ-ի կանոնադրությունն է: Նշվում է միջազգային հարաբերություններում կանոնների և նորմերի պարտադրման անթույլատրելիությունը՝ առանց բոլոր շահագրգիռ պետությունների իրավահավասար մասնակցության, ինչպես նաև այն, որ ԱՊՀ-ն ձգտում է ամրապնդել իր դերն այդ գործընթացում։

Բացի այդ, հայտարարության մեջ կոչ է արվում համախմբել միջազգային հանրությանը՝ գլոբալ և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերների համար հավաքական լուծումներ գտնելու համար: Առաջարկվում է միջպետական հակասությունների պատճառները վերացնելու և կոնֆլիկտային ներուժը նվազեցնելու համար օգտագործել քաղաքական-դիվանագիտական միջոցներ։

Փաստաթղթում նաև ասվում է անվտանգության, տնտեսության և մշակույթի ոլորտներում փոխգործակցության ճարտարապետությունը բազմաբևեռ իրողություններին հարմարեցնելու անհրաժեշտության մասին: ԱՊՀ երկրները պատրաստակամություն են հայտնել նպաստել Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության համակարգի ստեղծմանը, ինչպես նաև ռազմաքաղաքական իրադրության երկարաժամկետ կայունացմանը և տարածաշրջանային նոր հակամարտությունների կանխմանը:

ԱՊՀ ԱԳ նախարարները վճռականորեն դատապարտել են ուժի կիրառման ցանկացած փորձ, որն ուղղված է Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների խափանմանը: Նախարարները կոչ են արել հավասարակշռել շահերն ու փոխզիջումները՝ հակամարտությունները կանխելու և տարածաշրջանում կայունությունը պահպանելու նպատակով:

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի 2025թ. Ղազախստանում։