Միջազգային

«Մենք կաշխատենք կառավարության հետ, որին ժողովուրդը կընտրի». Վրաստանում ԵՄ դեսպան

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին պատասխանել է իր նկատմամբ «Վրացական երազանքի» առաջնորդների քննադատությանը, որը հաջորդել էր դիվանագետի՝ իշխանական կուսակցության նախընտրական գովազդի մասին ավելի վաղ արված հայտարարություններին:

Խոսքը նախընտրական պաստառների և «Ոչ պատերազմին. ընտրիր խաղաղությունը» տեսահոլովակների մասին է, որոնցում պատկերված են Ուկրաինայի պատերազմի ժամանակ ավերված շենքերը և համեմատության համար ներկայացված են «Վրացական երազանքի» կառավարության օրոք կառուցված կամ վերականգնված շենքերը:

Դեսպանը դա անվանել է «աղաղակող, խայտառակ և զզվելի»: Հոկտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում դիվանագետը կրկնել է իր հայտարարությունները և հավելել, որ Եվրամիությունը սպասում է, որ Վրաստանում ընտրությունները կանցնեն ազատ և անկախ:

«Որպես ԵՄ դեսպան՝ ես անում եմ հնարավորը և իմ բոլոր խոսակցություններում փորձում եմ հասնել նրան, որ ինձ երբեք չմեղադրեն միջամտության մեջ։ Կրկին ու կրկին կրկնում եմ, որ առաջիկա ընտրությունները հնարավորություն են վրացիների համար՝ արտահայտելու իրենց տեսակետները, և ես անկեղծորեն հավատում եմ, որ մարդիկ կգան և կքվեարկեն ազատ, որ ընտրությունները կանցկացվեն եվրոպական և միջազգային ամենաբարձր մակարդակով, կլինեն մրցակցային, թափանցիկ և ներառական: Մենք՝ Եվրոպական միությունը, կսպասենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականին և, իհարկե, շատ ուշադիր կլսենք տեղական դիտորդական առաքելություններին։ ԵՄ-ը Վրաստանի անկախացումից ի վեր համագործակցել է ցանկացած ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության հետ, և մենք կաշխատենք կառավարության հետ, որին Վրաստանի ժողովուրդը կընտրի հոկտեմբերի 26-ի ընտրություններում», - հայտարարել է Գերչինսկին ԶԼՄ-ների հետ զրույցում:

Դիվանագետը նաեւ մեկնաբանել է «Մթավարի», «Պիրվելի» և «Ֆորմուլա» հեռուստաընկերությունների որոշումը՝ չհեռարձակել «Վրացական երազանքի» նախընտրական հոլովակները:

«Ազատ և անկախ լրատվամիջոցները ժողովրդավարական համակարգի նախադրյալն են։ Դա կախված է լրատվամիջոցներից, թե ինչ են ուզում և ինչ չեն ուզում, ո՛ր հայտարարությանը հետևեն կամ չհետևեն: Դուք՝ զլմ-ներդ, խնդրել եք ինձ հայտնել իմ կարծիքը, ես հայտնել եմ իմ կարծիքը», - հայտարարել է Պավել Գերչինսկին։

«Վրացական երազանքի» քաղաքական խորհրդի անդամ, խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հոկտեմբերի 7-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ԵՄ դեսպանի արձագանքը գնահատել է որպես «միջամտություն» ընտրական գործընթացին: