Միջազգային

Բենիամին Նեթանյահուն և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում ասել է, որ Իսրայելի զենքի էմբարգոն միայն կամրապնդի «չարիքի առանցքը», որը գլխավորում է Իրանը, հաղորդում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հենց նոր խոսեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Վարչապետը կրկնեց Իսրայելի դիրքորոշումը, որ քանի որ Իրանն աջակցում է  ահաբեկչության առանցքի բոլոր մասերին, ակնկալվում է, որ Իսրայելի ընկերները կաջակցեն նրան, այլ ոչ թե սահմանափակումներ մտցնեն, որոնք միայն կամրապնդեն Իրանի չարիքի առանցքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նեթանյահուն նաև ընդգծել է, որ Իսրայելի գործողությունները «Հըզբոլլահի» դեմ հնարավորություն են ստեղծում փոխել իրավիճակը Լիբանանում՝ ի շահ կայունության, անվտանգության և խաղաղության ողջ տարածաշրջանում։ 

Հիշեցնենք, որ նախօրեին Մակրոնը հայտարարել էր, որ անհրաժեշտ է դադարեցնել զենքի մատակարարումը Իսրայելին՝ Գազայի հատվածում պատերազմի համար, ինչին ի պատասխան Նեթանյահուն կոշտ էր արձագանքել՝ նշելով․

«Այն երկրները, որոնք ենթադրաբար դեմ են ահաբեկչության այս առանցքին, կոչ են անում Իսրայելի նկատմամբ զենքի էմբարգո սահմանել: Ինչպիսի խայտառակություն։ Ամոթ նրանց»։