Միջազգային

Իսրայելը սպանե՞լ է Սոլեյմանիի իրավահաջորդին Բեյրութում. Էսմայիլ Քաանին անհետ կորել է

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) «Ղուդս» ջոկատի հրամանատար, բրիգադային գեներալ Էսմայիլ Քաանիի գտնվելու վայրն այս պահին հայտնի չէ, հայտնում է New York Times-ը՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին: 

Նշվում է, որ իրանցի բրիգադային գեներալը կարող էր վիրավորվել իսրայելական հարվածի արդյունքում, որը թիրախավորել էր «Հըզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալլայի ենթադրյալ իրավահաջորդ Հաշեմ Սաֆիեդինին հարավային Բեյրութում: NYT-ը, հղում անելով տեղական ԶԼՄ-ներին, գրում է, որ Իրանի պաշտոնյաները դեռևս հստակ պատասխաններ չունեն այն մասին, թե ինչ կարող էր պատահել Ղուդս ուժերի ղեկավարի հետ:

Իսրայելի կողմից Նասրալլահի սպանությունից երկու օր անց Քաանիին տեսել են «Հըզբոլլահի» Թեհրանի գրասենյակներում: Սակայն նա ներկա չի գտնվել Այաթոլլա Ալի Խամենեիի գլխավորած՝ «Հըզբոլլահի» առաջնորդի հիշատակի ուրբաթ օրվան։ NYT-ը, վկայակոչելով երեք իրանական աղբյուրների, գրում է, որ Քաանին մեկնել էր Բեյրութ՝ հանդիպելու «Հըզբոլլահի» պաշտոնյաների հետ։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներից մեկն ասել է, որ իրանցի պաշտոնյաների լռությունը այդ թեմայի շուրջ խուճապ է տարածում ԻՀՊԿ-ի անդամների շրջանում:

Քաանին փոխարինել է Ղասեմ Սոլեյմանիին այն բանից հետո, երբ վերջինս սպանվեց ԱՄՆ-ի կողմից 2020 թվականին։