Միջազգային

Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի հայտարարությանը։

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարարել է, թե Հայաստանը «շահագրգռված չէ կայուն խաղաղությամբ և ձգտում է պահպանել այս իրավիճակը որպես պահեստային տարբերակ՝ ապագայում Ադրբեջանի դեմ ագրեսիա սկսելու համար»։

«Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, իրական քայլերով ցույց տա հարգանք միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ», ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ ասել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը նշել էր, որ Հայաստանը սպառազինություն և տեխնիկա ձեռք է բերում միայն ինքնապաշտպանության իրավունքը և սեփական քաղաքացիների պաշտպանության պարտավորությունն իրացնելու նպատակով։

«Կարծում ենք ագրեսիվ հռետորաբանության փոխարեն պետք է կենտրոնանանք Խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցը շուտափույթ լուծելու և մյուս հարցերի շուրջ ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե խաղաղության պայմաններում բանակցելու վրա»,- նշել էր ՀՀ ԱԳՆ խոսնակը։