Միջազգային

«Արևմուտքը ձգտում է Հայաստանին դուրս հանել ՀԱՊԿ-ից». Բորտնիկով

Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, թե Արևմուտքը «սպառազինությունների արտոնյալ մատակարարումների և անվտանգության երաշխիքների դիմաց ձգտում է Հայաստանին դուրս հանել ՀԱՊԿ-ից»։ Ըստ նրա՝ Բաքվի հետ նրա հետագա հարաբերությունների հարցում սա Երևանին ավելի մեծ կախվածության մեջ կդնի Հյուսիսատլանտյան դաշինքից։

ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում Բորտնիկովն ասել է. «Ամերիկացիներն ու եվրոպացիներն ակնհայտորեն շահագրգռված չեն Անդրկովկասում կայունության հաստատմամբ։ Երևանին հակելով Բաքվի հետ բանակցությունները ձգձգելուն՝ Արևմուտքը փորձում է գլխավորել ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացը և հասնել տարածաշրջանում սեփական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայմանը՝ դե յուրե ՄԱԿ-ի, իսկ դե ֆակտո՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո»,- ասել է նա։ 

Ըստ Բորտնիկովի՝ այդ խաղաղապահության հնարավորության մասին է վկայում այն, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը «հետախուզական գործունեություն է ծավալում հօգուտ ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանի և նրա գործընկերների դեմ»։ 

Նրա խոսքով՝ սպառազինությունների արտոնյալ մատակարարումների և անվտանգության երաշխիքների դիմաց Արևմուտքը ձգտում է Հայաստանի դուրսբերմանը ՀԱՊԿ-ից, ինչը Երևանին Բաքվի հետ հետագա հարաբերությունների հարցերում «ավելի մեծ կախվածության մեջ կդնի Հյուսիսատլանտյան դաշինքից» «Իսկ հաշվի առնելով ՆԱՏՕ -ի միջնորդության ողջ նախկին փորձը աշխարհի ամենատարբեր տարածաշրջաններում, դաշինքի ամրագրումն Անդրկովկասում ակնհայտորեն չի նպաստի տարածաշրջանի կայունությանը»։