Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին լրագրողներին հայտնել է «Վրացական երազանքի» կազմած կառավարության հետ հանդիպումները դադարեցնելու՝ եվրոպական ինստիտուտների որոշման մասին՝ ի պատասխան իշխող կուսակցության հակաեվրոպական գործողությունների և հռետորաբանության:
«Այս տարվա հունիսին մենք ներքին քննարկում ունեցանք մեր անդամ պետությունների հետ, թե ինչպիսին պետք է լինի մոտեցումը Վրաստանի իշխանությունների նկատմամբ, որոնք, մեր կարծիքով, անբարյացակամ են Եվրամիության նկատմամբ։ Բացի այդ, մենք քննարկեցինք, թե ինչպես պետք է մոտենանք հակաարևմտյան և հակաեվրոպական նարատիվներին, քարոզչությանը և դավադրության տեսություններին, և որոշեցինք բարձր մակարդակի որևէ շփում չունենալ Վրաստանի ներկայիս կառավարության հետ: Այդ իսկ պատճառով վերջին ամիսներին չեն եղել ոչ բարձր մակարդակի այցեր Վրաստան, ոչ էլ բարձր մակարդակի հանդիպումներ վրացական իշխանությունների ներկայացուցիչների հետ», - հայտարարել է Պավել Գերչինսկին։