Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ ավելի քան կես դար անց հրաժարվում է Հնդկական օվկիանոսի Չագոս արշիպելագի (կղզիների խումբ) ինքնիշխանությունից։
Բազմամյա բանակցություններից հետո ձեռք բերված համաձայնությունը կնշանավորի Մեծ Բրիտանիայի կողմից ռազմավարական կարևոր դիրք ունեցող Չագոս կղզիների պատմական փոխանցումը Մավրիկիոսին:
Սա ներառում է Դիեգո Գարսիա արևադարձային ատոլը, որն օգտագործվում է ԱՄՆ կառավարության կողմից որպես ռազմաբազա իր ռազմածովային ուժերի նավերի և հեռահար ռմբակոծիչ ինքնաթիռների համար:
Մեծ Բրիտանիայի և Մավրիկիոսի վարչապետերի համատեղ հայտարարությունը վերջ է դրել երկու երկրների միջև տասնամյակներ տևող լարված բանակցություններին:
Հաղորդվում է, որ Դիեգո Գարսիայի ռազմաբազան կմնա որպես առանցքային գործոն, որը թույլ է տալիս գործարքն առաջ մղել արևմտյան երկրների, Հնդկաստանի և Չինաստանի միջև տարածաշրջանում աճող աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում:
Գործարքը պետք է դեռ վերջնական մշակում անցնի և մանրամասնորեն համաձայնեցվի։ Կողմերը պայմանավորվել են հնարավորինս արագացնել գործընթացը։
«Սա կարևոր պահ է մեր հարաբերություններում և ցույց է տալիս վեճերի խաղաղ կարգավորման և օրենքի գերակայության նկատմամբ մեր շարունակական հանձնառությունը»,-ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի և Մավրիկիոսի վարչապետ Պրավինդ Ջագնոտի հայտարարության մեջ:
Առաջնորդները նաեւ հայտարարել են, որ հավատարիմ են «Դիեգո Գարսիայում գործող բազայի երկարաժամկետ, անվտանգ և արդյունավետ աշխատանքի ապահովմանը, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային և գլոբալ անվտանգության մեջ»:
Մավրիկիոսը կկարողանա նաև վերաբնակեցման ծրագիր սկսել Չագոս կղզիներում, բայց ոչ Դիեգո Գարսիայում: Այնտեղ Մեծ Բրիտանիան կապահովի ռազմաբազայի գործունեությունը 99 տարի ժամկետով։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունել է «պատմական համաձայնագիրը»՝ հայտարարելով, որ այն դարձել է «ակնհայտ ցուցիչ, որ դիվանագիտության և գործընկերության միջոցով երկրները կարող են հաղթահարել վաղեմի պատմական մարտահրավերները խաղաղ և փոխշահավետ արդյունքների հասնելու համար»:
Մի շարք հայտնի ԶԼՄ-ներ կատակել են, որ այս գործարքից հետո արդեն արևը մայր կմտնի Բրիտանական կայսրության վրա։ Հայտնի այս խոսքն ասվում էր այն համատեքստում, որ Բրիտանական կայսրությունը աշխարհագրորեն այնպես էր սփռված մոլորակի վրա, որ դրա դարբեր հատվածներում միշտ ցերեկ է։ Պարբերականները նշում են, որ սա կարող է նախադեպ դառնալ Ֆոլկլենդյան կղզիների հարցում Արգենտինայի և Ջիբրալթարի հարցով Իսպանիայի հետ խնդիրները սահուն կարգավորելու համար։