ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է Իրանից Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակմանը։
«Սա լկտի, անընդունելի հարձակում էր Իրանի կողմից, և աշխարհի բոլոր երկրները պետք է միանան մեզ դրա դատապարտման գործում»,– ասել է նա՝ վստահեցնելով, որ ամն աջակցությունն Իսրայելի անվտանգությանը անսասան է։ «Մենք կշարունակենք աջակցել Իսրայելի ժողովրդին այս կրիտիկական պահին»,– ասել է նա։
Միլլերը պնդել է, որ ՀԱՄԱՍ խմբավորումը, որին ֆինանսավորում է Իրանը, չի ցանկացել նստել բանակցությունների սեղանի շուրջ․ «Այո, ճիշտ է, որ մենք չկարողացանք առաջ շարժվել հրադադարի բանակցություններում, բայց դա պայմանավորված չէ Միացյալ Նահանգների կամ տարածաշրջանի մեր գործընկերների ջանքերի պակասով: Դա այն պատճառով է, որ ահաբեկչական կազմակերպությունը, որին Իրանը տարիներ շարունակ հովանավորել է, հրաժարվել է նստել բանակցությունների սեղանի շուրջ: Ուստի, եթե Իրանը ցանկանում է հրադադարի շուրջ բանակցությունների խափանումն օգտագործել որպես արդարացում իր այսօրվա գործողությունների համար, ապա պետք է մատնանշի իր կողմից վերահսկվող ահաբեկչական խմբավորումը: Հենց ՀԱՄԱՍ-ն է վերջին շաբաթներին պատասխանատու այդ բանակցությունների ձախողման համար»,– ասել է նա։