Միջազգային

Ճապոնիան նոր վարչապետ ունի

Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նոր առաջնորդ Շիգերու Իշիբան խորհրդարանի ստորին պալատի արտահերթ նիստում ընտրվել է երկրի 102-րդ վարչապետ. հաղորդում է Kyodo-ն:

Իշիբան արդեն սկսել է կառավարություն ձևավորել և շուտով կհրապարակի նոր կազմը։

Ավելի ուշ այսօր նրա նշանակումը կհաստատի Ճապոնիայի կայսր Նարուհիտոն։

67-ամյա Իշիբան զբաղեցրել է պաշտպանության նախարարի, գյուղատնտեսության նախարարի և Լիբերալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնները։ Իշիբան համարվում է պաշտպանական քաղաքականության փորձագետ։ Նա առաջարկում է ստեղծել ՆԱՏՕ-ի ասիական տարբերակը, ինչպես նաև անվտանգության ոլորտում նորացված դաշինք ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև: Իշիբան նաև Ճապոնիայի սահմանադրության փոփոխությունների կողմնակից է։