Միջազգային

«Դրանք մեծ հնարավորություններ կստեղծեն երկու երկրների համար». Փեզեշքիան

Թեհրանում հանդիպել են Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրանը տարանցիկ և տարածաշրջանային գազային հանգույց դարձնելու մասին համաձայնագիրը երկու երկրների շահերի ապահովման, ինչպես նաև տարածաշրջանում կայուն զարգացման, աճի և տնտեսական թռիչքի ստեղծման նպատակով Իրանի և Ռուսաստանի համատեղ համագործակցության հիանալի օրինակ է անվանել:

Այս մասին նա հայտարարել է պաշտոնական այցով Թեհրանում գտնվող ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք կարծում ենք, որ եթե Իրանի և Ռուսաստանի կարևոր համատեղ նախագծերը հասնեն իրագործման փուլին, դրանք մեծ հնարավորություններ կստեղծեն երկու երկրների համար ռեպրեսիվ պատժամիջոցների դեմ պայքարում», - ընդգծել Է Իրանի նախագահը:

«ԱՄՆ-ն ցանկանում է պահպանել իր հեգեմոնիան, որպեսզի մեկուսացնի այնպիսի երկրներին, ինչպիսիք են Իրանը և Ռուսաստանը։ Բայց մենք պետք է հակազդենք դրան, այդ թվում՝ այնպիսի ձևաչափերով, ինչպիսիք են ՇՀԿ-ն, ԲՐԻԿՍ-ը», - նշել է նա։

Միշուստինն իր հերթին խնդրել Է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենաջերմ խոսքերը:

«Կարծում եմ, որ չնայած նրան, որ վերջին յոթ ամիսների ընթացքում մեր համատեղ ապրանքաշրջանառությունն աճել է 6,5 տոկոսով, հսկայական ներուժ կա Ռուսաստանի և Իրանի էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության, առևտրային և մշակութային-հումանիտար հարաբերությունների ոլորտներում համագործակցության ընդլայնման համար», - ասել է ՌԴ վարչապետը: