Հայաստանը գոհ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական դինամիկայից և պատրաստ է հարաբերությունների լիակատար կարգավորմանը. Anadolu-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը.
«Մենք գոհ ենք այն դրական դինամիկայից, որը տեսնում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում: Հավատում ենք, որ դեռ շատ բան կարելի է անել, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հարաբերությունների լիակատար կարգավորմանը, սահմանի բացմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը»,-ասել է Կոստանյանը։
Կոստանյանը Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների միջև բանակցությունները դրական է որակել. «Երկու առաջնորդները ցուցաբերել են միմյանց դիրքորոշումները հասկանալու պատրաստակամություն»,-նշել է նա։
Կոստանյանը լավատեսություն է հայտնել ապագա համագործակցության վերաբերյալ, մասնավորապես, Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկման հարցում, որը, նրա կարծիքով, տնտեսական օգուտներ կբերի ոչ միայն Հայաստանին և Թուրքիային, այլև՝ ամբողջ տարածաշրջանին.
«Մենք գիտենք, որ շատ լոգիստիկ շղթաներ այժմ արգելափակված են կամ սխալ են աշխատում, և Կարս-Գյումրի երկաթուղին կարող է նոր դարպաս դառնալ Հայաստանի համար դեպի Եվրոպա, Թուրքիայի համար՝ Կենտրոնական Ասիա, Չինաստան։ Ուղերձը, որը մենք միշտ փորձում ենք փոխանցել մեր թուրք գործընկերներին, այն է, որ հիմա գործելու ժամանակն է»,-ասել է Կոստանյանը։
Անդրադառնալով Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչմանը՝ Կոստանյանն ասել է, որ այդ որոշումը համահունչ է երկու պետությունների համակեցության հիման վրա իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը Հայաստանի վաղեմի աջակցությանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի ձեռնարկած այս քայլը կարող է աջակցել Մերձավոր Արևելքում կայունությանը և խաղաղությանը։
Պատասխանելով ՄԱԿ-ի բարեփոխման աճող պահանջարկի մասին հարցին՝ Կոստանյանն ասել է. «Անհրաժեշտ է շտապ բարեփոխել բազմակողմ համակարգը՝ վերականգնելու համաշխարհային կարգը, որը հիմնված կլինի բոլորի կողմից պահպանվող կանոնների վրա»։