Միջազգային

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան հետ կապված։ 

Դատելով դրանցից՝ իշխանությունները նպատակաուղղված հեռացրել են ախտանշանների մասին հիշատակումները, որոնք տեղ չեն գտել պաշտոնական վարկածի մեջ։ Ինչպես հաստատում են բժիշկները, այս ախտանշանները հստակ ցույց են տալիս, որ Նավալնին թունավորվել է։

The Insider-ի իր տրամադրության է հայտնվել քրեական գործի հարուցմանը մերժելու որոշման երկու տարբերակ՝ ստորագրված արդարադատության մայոր Ալեքսանդր Վարապաևի կողմից։ 

Նավալնիի ախտանշաններն ավելի վաղ տարբերակում նկարագրված են հետևյալ կերպ. 2024թ․ փետրվարի 16-ին Նավալնու ինքնազգացողությունը վատացել է։ Նա այդ մասին հայտնել է հաստատության հերթապահ աշխատակցին։ 

«Դատապարտյալ Նավալնին պառկել է հատակին, որից հետո սկսել է գանգատվել որովայնի շրջանում սուր ցավից, ստամոքսի պարունակությունն սկսել է ռեֆլեքսորեն դուրս թափվել, ցնցումներ են առաջացել, կորցրել է գիտակցությունը, ինչի մասին անմիջապես հայտնել են ուղղիչ հիմնարկի բուժաշխատողներին»,- ասվում է փաստաթղթում։ 

Փաստաթղթի ավելի ուշ տարբերակում, որն էլ դարձել է վերջնական, որովայնի ցավի, փսխման և սպազմների մասին ոչինչ այլևս չկան։ Բայց The Insider-ն իր տրամադրության տակ ունի նաև մեկ այլ փաստաթուղթ՝ «առգրավված առարկաների» գույքագրում, որը ներառում է նաև «փսխման նմուշներ», և դրանք ներկայացվել են փորձաքննության, թեև ոչ փորձաքննության, ոչ փսխման մասին պաշտոնապես չի հաղորդվել:

«Փաստաթղթերը հաստատում են Յուլիա Նավալնայայի խոսքերը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ Նավալնին մահից առաջ՝ վերջին րոպեներին, բողոքել է որովայնի շրջանում սուր ցավից»,- գրում է լրատվամիջոցը։

Ըստ ռեանիմատոլոգ Ալեքսանդր Պոլուպանի, ով Նավալնիին բուժել է 2020 թվականին Օմսկի հիվանդանոցում «Նովիչոկի» թունավորումից հետո, փաստաթղթերում նշված ախտանիշները չեն համապատասխանում պաշտոնական վարկածին։ 

«Մահվան պաշտոնական պատճառը՝ սրտի առիթմիան, ոչ մի կերպ չի բացատրի այն ախտանշանները, որոնք մենք տեսնում ենք փաստաթղթերում՝ որովայնի ուժեղ ցավ, փսխում և ցնցումներ: Նման ախտանշանները բնորոշ են թունավորմանը: Որովայնի ցավի և սպազմերի միջև եղած կարճ ժամանակահատվածը հուշում է, որ այն կարող է լինել, օրինակ, ֆոսֆորօրգանական նյութ («Նովիչոկը» նույնպես պատկանում է նյութերի նույն դասին, բայց ոչ մաշկային, այլ ներքին օգտագործման համար)»,- ասել է բժիշկը։ 

Տարբեր մասնագիտությունների այլ բժիշկներ, որոնց հետ զրուցել է The Insider-ը, համաձայնել են Պոլուպանի եզրակացության հետ:

Աղբյուրը գրում է նաև, որ թունավոր նյութի կիրառման օգտին են խոսում այլ փաստեր՝ իշխանությունները երկար ժամանակ դիակը չէին հանձնում և թույլ չէին տալիս կենսանյութերի այլընտրանքային փորձաքննություն։ Սակայն միայն այժմ է փաստագրվել է թունավորման փաստը, եզրափակում է The Insider-ը։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին 48 տարեկան հասակում կալանավայրում մահացել էր ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։