ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բեյրութում «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությունն անվանել է «արդարացի միջոց», ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։
«Հասան Նասրալլան և նրա գլխավորած ահաբեկչական խմբավորումը՝ «Հըզբոլլահ»-ը, պատասխանատու են չորս տասնամյակների ընթացքում հարյուրավոր ամերիկացիների սպանության համար», - ասել է Բայդենը:
Նա բացատրել է, որ Նասրալլային սպանած հարվածն իրականացվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Համաս-ի ջարդով սկսված հակամարտության ավելի լայն համատեքստում:
«Նասրալլան ճակատագրական որոշում կայացրեց միավորվել ՀԱՄԱՍ-ի հետ և բացել այն, ինչ նա անվանեց Իսրայելի դեմ «հյուսիսային ճակատ», - ասվում է Բայդենի հայտարարության մեջ:
Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «լիովին աջակցում է ահաբեկչական խմբավորումներից՝ «Հըզբոլլահից», հութիներից և Իրանի կողմից աջակցվող ցանկացած այլ ահաբեկչական խմբավորումներից պաշտպանվելու իրավունքը»։
ԱՄն նախագահի խոսքով՝ երեկ Պաշտպանության նախարարին հանձնարարել է ավելի ամրապնդել ԱՄՆ-ի ուժերի պաշտպանունակությունը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում՝ ագրեսիան զսպելու և ավելի լայն տարածաշրջանային պատերազմի վտանգը նվազեցնելու համար:
«Ի վերջո, մեր նպատակն է դիվանագիտական միջոցներով թուլացնել ընթացող հակամարտություններն ինչպես Գազայում, այնպես էլ Լիբանանում: Գազայում մենք ձգտում ենք հրադադարի և պատանդների ազատ արձակման՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աջակցությամբ: Լիբանանում մենք բանակցում ենք գործարքի շուրջ, որը թույլ կտա մարդկանց ապահով վերադառնալ իրենց տներն Իսրայելում և հարավային Լիբանանում»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ:
Նա եզրափակել է, որ այժմ ժամանակն է հասնել համաձայնության, վերացնել սպառնալիքներն Իսրայելի համար և ավելի մեծ կայունություն ապահովել Մերձավոր Արևելքում։