Միջազգային

«Իսրայելը տարածաշրջանը տանում է դեպի տոտալ պատերազմ». Եգիպտոսի, Հորդանանի և Իրաքի ԱԳ նախարարներ

Եգիպտոսի, Հորդանանի և Իրաքի արտգործնախարարները, Նյու-Յորքում ընթացող ՄԱԿ-ի ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած հանդիպումից հետո, հայտարարություն են տարածել, որում Իսրայելին մեղադրում են տարածաշրջանը դեպի տոտալ պատերազմ տանելու մեջ։

Երեք նախարարները քննարկել են համագործակցության համատեղ մեխանիզմի հետագա գործողությունները՝ նախապատրաստվելով հաջորդ եռակողմ գագաթնաժողովին, որը կկայանա Կահիրեում։

Հանդիպման ժամանակ կողմերը դատապարտել են Լիբանանի դեմ իսրայելական ագրեսիան և միջազգային հանրությանը կոչ արել՝ ստանձնել պատերազմը դադարեցնելու պատասխանատվությունը։

Ամփոփելով՝ նախարարները նշել են, որ Իսրայելը լիակատար պատասխանատվություն է կրում իրավիճակի վատթարացման համար, ինչը լուրջ հետևանքներ կունենա ողջ տարածաշրջանի համար։