Միջազգային

Քամալա Հարրիսը ուղերձ է հղել ամերիկահայերին

Ըստ ամերիկահայկական ԶԼՄ-ների, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարրիսը ՀՀ անկախության տոնի առթիվ դիմել է ամերիկահայ համայնքին՝ բարեմաղթանքներ հղելով ՀՀ անկախության տոնի առթիվ։ Հարրիսը, մասնավորապես, նշել է․ 

«Ես իմ լավագույն մաղթանքներն եմ հղում ձեզ, երբ դուք նշում եք Հայաստանի անկախության օրը։ Սա այն օրն է, երբ հայ ժողովուրդը քվեարկել էր Խորհրդային Միությունից առանձնանալու օգտին՝ ազատ, անկախ ազգ լինելու համար: Մենք, սակայն, երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանությունը, երբ մոտ 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին և երթով սպանվեցին։ Դա ողբերգություն է, որը շարունակում է ձևավորել հայ ժողովրդի ինքնությունը»,- ասված է ուղերձում:

ԱՄՆ փոխնախագահն ասել է, որ ամերիկահայ համայնքի տոկունությունը մնում է ոգեշնչման աղբյուր հայ-ամերիկյան ընդհանուր պատմության մեջ:

«Ես հավատարիմ եմ մնում Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղությանը՝ հիմնված ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության վրա։ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներ անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու համար»,- նշել է նա:

Հարրիսի խոսքով՝ կշարունակի աջակցել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերում:

«Հայաստանն ու նրա ժողովուրդն ունեն հարուստ պատմություն, որը ոգեշնչում է բոլորիս ձգտել ազատության և արդարության: Ես հավատարիմ եմ մնում մեր ազգերի միջև կապերի խորացմանը և գործընկերության խթանմանը, որը բարձրացնում է մեր ընդհանուր արժեքներն ու ձգտումները: Միասին մենք կարող ենք կառուցել ավելի ապահով, արդար և ազատ աշխարհ»,- ասել է նա։