Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ամրապանդել Թուրքիայի հետ համագործակցությունը, հատկապես՝ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ոլորտում:
Խոսելով տարածաշրջանային կապի ցանց ստեղծելու իր առաջարկի մասին՝ Փեզեշքիանն ասել է, որ նման մեխանիզմի նախապայմանը անվտանգության պայմանների ապահովումն է.
«Այս առաջարկն իրականացնելու համար անհրաժեշտ է տարածաշրջանը զերծ պահել ահաբեկչությունից։ Տարածաշրջանի ազգերի միջև միասնությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է մեծ շուկա ստեղծել։ Ակադեմիական, գիտական և տնտեսական փորձի փոխանակումն ամբողջ աշխարհին ցույց կտա մահմեդական աշխարհի մեծությունը։ Իսլամական միասնությունը կկանխի Գազայում Իսրայելի հանցագործությունները»,-ասել է Փեզեշքիանը։
Իր հերթին, Էրդողանը դատապարտել է Իսրայելի գործողությունները՝ դրանք անվանելով բարբարոսություն։ Էրդողանը ողջունել է անվտանգության ոլորտում Թուրքիայի և Իրանի համագործակցության գաղափարը՝ նշելով, որ երկու երկրների համագործակցությունը բխում է երկու հարևանների շահերից։