Միջազգային

ԱՄՆ-ն դեմ է իսրայելական բանակի՝ Լիբանան ներխուժմանը. Պետդեպի ներկայացուցիչ

ԱՄՆ-ն դեմ է իսրայելական բանակի՝ Լիբանան ներխուժմանը, և մտադիր է կոնկրետ գաղափարներ առաջարկել՝ Մերձավոր Արևելքում լարվածությունը թուլացնելու նպատակով. գրում է Reuters-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի անանուն ներկայացուցչին։

Պաշտոնյայի խոսքով՝ Վաշինգտոնը չի կիսում այն կարծիքը, որ իսրայելական բանակի ցամաքային ներխուժումը կօգնի նվազեցնել տարածաշրջանի լարվածությունը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն դաշնակիցների հետ կքննարկի կոնկրետ գաղափարներ, որպեսզի թույլ չտա հակամարտության հետագա սրում։

«Չեմ կարող հիշել մի ժամանակաշրջան, երբ հակամարտության սրումը կհանգեցներ իրավիճակի հիմնարար դեէսկալացիայի կամ կայունության»,-ասել է պաշտոնյան։

Նախօրեին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է Լիբանանի ողջ տարածքի վրա հարձակումներ սկսելու մասին: Հարձակման հետևանքով 500 մարդ է զոհվել։