Միջազգային

«Իրանի առաջնահերթությունը հարևաններն են»․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկյան լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Իրանի առաջնահերթությունը հարևան երկրների հետ հարաբերություններն են, որոնց հետ «կհասնեն փոխըմբռնման՝ պահպանելով սահմանները, տարածքները և անվտանգությունը»։

«Կկանխենք ցանկացած գործողություն, որը կսպառնա յուրաքանչյուրիս ներքին անվտանգությանը»,- Իրանի նախագահի խոսքերն է փոխանցում IRNA գործակալությունը։ 

Փեզեշքիանը հայտարարել է, որ խաղաղությունն ու անվտանգությունը պետք է փոխարինեն պատերազմին ու արյունահեղությանը և հայտարարել, որ Իրանը բոլորովին այնպիսին չէ, ինչպես ցույց են տալիս համաշխարհային լրատվամիջոցները, և երկիրը պատրաստ է ապրել խաղաղ ողջ աշխարհի հետ։

«Մեր տեսակետը երկրի, տարածաշրջանի և աշխարհի նկատմամբ պարզ և թափանցիկ է։ Երբ ես առաջադրվեցի, իմ կարգախոսն էր միասնությունը և ամբողջականությունը»,- հայտարարել է նա։