Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անվտանգության երաշխիքների կոչ է անելու ԱՄՆ-ին, որպեսզի Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ ընտրություններում հաղթանակի դեպքում Ուկրաինային չպարտադրվի կնքել ոչ շահավետ խաղաղության համաձայնագիր:
Նա կմեկնի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա, այնուհետև Վաշինգտոն՝ ներկայացնելու «հաղթանակի ծրագիրը», որը կոչված է Ռուսաստանին ստիպել բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ․ գրում է The Times պարբերականը:
«Զելենսկին ցանկանում է «Թրամփից պաշտպանել» ամերիկյան աջակցությունն Ուկրաինային։ Զելենսկու անվտանգության երաշխիքների կոչն ընդգծում է, որ Ուկրաինան չի կարող ընդունվել ՆԱՏՕ և այլ միջազգային դաշինքներ, մասնավորապես, դաշնակիցների միջև տարաձայնությունների պատճառով»․ -ասվում է հոդվածում։
Քննարկումներին մասնակցած արևմտյան դիվանագետներից մեկը նշել է, որ ամերիկյան նախագահական ընտրությունները մեծ նշանակություն ունեն ոչ միայն Ուկրաինայի համար:
Նշվում է, որ Զելենսկու ծրագիրը բաղկացած է չորս հիմնական կետերից.
- Արևմտյան անվտանգության երաշխիքներ տրամադրելու խնդրանք, որը նման կլինի ՆԱՏՕ-ին անդամակցելու ժամանակ փոխադարձ պաշտպանության մասին դաշնագրին։
- ՌԴ Կուրսկի մարզում գործողության շարունակություն՝ որպես տարածքային հաղթաթուղթ։
- Հատուկ ժամանակակից սպառազինություն տրամադրելու խնդրանք:
- Միջազգային ֆինանսական օգնություն Ուկրաինայի ավերված տնտեսության համար:
Նշվում է, որ Բայդենը դժվար թե հայտարարի, որ Ուկրաինային թույլ կտա Ռուսաստանի տարածքում օգտագործել մեծ հեռահարության հրթիռներ, ներառյալ՝ բրիտանական Storm Shadow-ը: