Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միլի մեջլիսում ունեցած իր ելույթում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Ալիևը հայտարարել է, թե ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանի նախաձեռնությամբ են սկսվել խաղաղ բանակցությունները․
«Մինչ այժմ, մեր առաջին նախագիծը Հայաստան ուղարկելուց ի վեր, մեկնաբանությունների 10 փոխանակում է եղել: Բնականաբար, ակնկալում էինք, որ Հայաստանն ավելի օպերատիվ ու ճկուն կներկայացնի իր մեկնաբանությունները, բայց տեսանք ճիշտ հակառակը։
Մենք ստիպված էինք 70 օր սպասել, որպեսզի նրանցից վերջնական տարբերակը ստանանք։ Բոլոր չհամաձայնեցված դրույթներն իրենց տարբերակով հանվել են խաղաղության պայմանագրից։ Այդ աստիճանի պարզունակ և ոչ ադեկվատ քայլը, անկեղծ ասած, անսպասելի էր»,- ասել է Ալիևը։ Նրա խոսքով՝ «մի շարք կետեր հիմք են տալիս խոսելու այն մասին, որ Հայաստանն իրականում խաղաղություն չի ուզում և ցանկանում է ձգել ժամանակը»:
Ալիևը մեղադրել է նաև Հայաստանին Ֆրանսիայից անվճար զենք ստանալու համար. «Նրանք, որոնք զինում են Հայաստանին, պետք է իմանան, որ անմիջական պատասխանատվություն են կրելու ապագա բոլոր իրադարձությունների համար։ Բնականաբար, մեր նկատմամբ պաշտոնական տարածքային պահանջները պետք է դադարեցվեն։ Նրանց սահմանադրությունում պետք է փոփոխություններ կատարվեն, Մինսկի խումբն էլ պետք է լուծարվի»,- ասել է Ալիևը։