Միջազգային

Փեզեշքիանը Հայաստանի անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հայաստանի անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ նախագահին և վարչապետին։

Նախագահ Վահագն Խաչատուրյանին ուղղված իր ուղերձում Փեզեշքիանը վստահություն է հայտնել, որ երկու բարեկամ և հարևան երկրների հարաբերություններն առաջիկա տարիներին, ռազմավարական նպատակներին համապատասխան, կխորանան տարբեր ուղղություններով, իսկ դրանց արդյունքները օգուտ կբերեն երկու երկրների ժողովուրդներին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում Իրանի նախագահն ընդգծել է, որ ԻԻՀ-ն առաջին երկրներից է, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը, և այդ օրվանից երկու երկրները բարիդրացիական հարաբերություններ են հաստատել։ Փեզեշքիանը հավելել է, որ երկու երկրների հարաբերությունները բազմակողմ են, ամուր և կայուն, և դրանք օր-օրի զարգանում են: