Միջազգային

«Ադրբեջանը շարունակում է պատանդ պահել նախորդ հակամարտության գերիներին». Լուազո

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն անդրադարձել է 1 տարի առաջ ԼՂ-ի վրա Ադրբեջանի իրականացրած հարձակմանը.

«Մեկ տարի առաջ այս օրն Ադրբեջանն իրականացրեց ռազմական հարձակում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և բռնի տեղահանեց ավելի քան 100 հզ․ անձանց՝ այս կերպ պատմության մեջ թողնելով 21-րդ դարի առաջին էթնիկ զտման հետքը։ Եվ մեկ տարի անց ոչ մեկը դեռևս հնարավորություն չունի վերադառնալ իր տուն։ Ադրբեջանը շարունակում է պատանդ պահել նախորդ հակամարտության գերիներին, և նրանք ևս հնարավորություն չունեն վերադառնալու տուն։ Լեռնային Ղարաբաղի հոգևոր և մշակութային ժառանգությունը սպառնալիքի առջև է կանգնած, և բազում հուշակոթողներ արդեն իսկ ոչնչացվել են։

Ադրբեջանը չի ստորագրել խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ և մի քանի շաբաթից հյուրընկալելու է COP-29 համաժողովը, և բոլոր նրանք, որոնք այցելելու են Բաքու, իրենց բարոյական պարտքը պետք է համարեն կոչ անել՝ ապահովել վերադարձը Լեռնային Ղարաբաղ և ազատ արձակել պատանդներին։ Հողի համար մեր պայքարը չի կարող իրականացվել այդ մարդկանց հաշվին»,- ասել է նա։