Մեր քաղաքականության փոփոխության մասին որևէ հայտարարություն չունեմ անելու, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը` պատասխանելով Բայդեն-Սթարմեր բանակցությունների արդյունքում ՌԴ-ի խորքերին հարվածելու արգելքի վերացման մասին հարցին։
Միլլերը հավելել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի համագործակցել ուկրաինացի գործընկերների հետ՝ «քննարկելով նրանց աջակցելու լավագույն ուղիները»։
Սեպտեմբերի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանին հարվածելու համար արևմտյան հեռահար զենքի օգտագործումը կնշանակի ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների անմիջական մասնակցությունը ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Ըստ Պուտինի՝ նման փոփոխությունից ելնելով՝ Ռուսաստանը համապատասխան որոշումներ կկայացնի։
The Economist-ը սեպտեմբերի 16-ին գրել էր, որ Միացյալ Նահանգները կարող է հրապարակային տեղեկատվություն չտրամադրել Ուկրաինային արևմտյան զենք օգտագործելու թույլտվություն տալու մասին: Ըստ կայքի՝ որոշումը կարող է հրապարակվել նման հարվածներ իրականացնելուց հետո։