Միջազգային

Իսրայելի արտգործնախարարն աջակցություն է հայտնել G7-ի երկրների հայտարարությանը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը աջակցություն է հայտնել Իրանի դեմ «Մեծ Յոթնյակի» (G7) երկրների հայտարարությանը և պնդել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն աշխարհի «ամենամեծ թշնամին է»:

Սեպտեմբերի 14-ին «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ նախարարները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում պահանջել են Թեհրանից «անհապաղ դադարեցնել» ռազմական աջակցությունը և բալիստիկ հրթիռների փոխանցումը Ռուսաստանին, որոնք, իբրև, մատակարարվում են Մոսկվային։ Ռուսաստանն ու Իրանը, սակայն, նախկինում բազմիցս մերժել են նման պնդումները։ Կացն, իր հերթին, համաշխարհային հանրությանը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա։

«Շնորհավորում եմ G7-ի արտգործնախարարներին՝ Իրանին խստորեն դատապարտելու և հետագա նշանակալի գործողություններ ձեռնարկելու որոշման համար: Իրանը ոչ միայն Իսրայելի, Մերձավոր Արևելքի, այլև Եվրոպայի և ամբողջ աշխարհի ամենամեծ թշնամին է»,- ասել է իսրայելցի նախարարը։