Միջազգային

Եվրոպական մի շարք երկրներում լայնածավալ ջրհեղեղները շարունակվում են

Եվրոպական մի շարք երկրներում լայնածավալ ջրհեղեղները շարունակվում են: Միջերկրածովյան ակտիվ «Անետ» ցիկլոնն աշխատանքային շաբաթվա վերջին հարվածել է Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայի երկրներին հորդառատ անձրևներով և ամպրոպով: Տեղեկությունը սոցցանցի իր էջում հրապարակել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:

Հորդառատ անձրևներ են տեղի ունեցել Ավստրիայում, Սլովակիայում, Ռումինիայում, Հունգարիայում և Լեհաստանի հարավ-արևմուտքում, սակայն ամենաշատը տուժել է Չեխիան: Չեխիայի գրեթե ողջ տարածքում ուրբաթ օրվա երկրորդ կեսից շարունակաբար տեղացել են հորդառատ անձրևներ, որոնք մեծ ջրհեղեղների պատճառ են դարձել և որի գագաթնակետն սպասվում այսօր: Երկրի մի շարք քաղաքներում և գյուղերում արդեն սկսվել է բնակիչների տարհանումը, հայտնել է Չեխիայի ազգային հեռուստաընկերությունը։

Չեխիայի հիդրոօդերևութաբանական ինստիտուտի կանխատեսմամբ՝ անձրևները կդադարեն միայն երկուշաբթի երեկոյան։ Բոլոր գետերում ջրի մակարդակը զգալիորեն բարձրացել է, իսկ մի շարք լեռնային գետերում այն արդեն դուրս է եկել ափերից։ Ուժեղ քամիներից և խոնավ հողից ընկած ծառերը որոշ հատվածներում փակել են մայրուղիներն ու երկաթուղիները: Հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության։ Որոշ քաղաքներում և գյուղերում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներն սկսել են բնակիչներին տարհանել հեղեղված տարածքներից: Մասնավորապես, հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Բռնոյում (երկրի հարավ-արևելքում) մի շարք բուհերի ուսանողներ տարհանվել են ջրով շրջապատված հանրակացարաններից։

Չեխիայում վերջին անգամ նմանատիպ ջրհեղեղներ դիտվել էին 1997 և 2002 թվականներին: Ըստ կանխատեսումների՝ այս տարվա հեղեղումներն իրենց հասցված վնասներով կգերազանցեն վերը նշված տարեթվերին եղած ջրհեղեղները: Չեխիայի հիդրոօդերևութաբանական ինստիտուտիկանխատեսման համաձայն՝ ուրբաթից երկուշաբթի երեկոյան հանրապետության տարածքում առանձին վայրերում հնարավոր է թափվեն մինչև 300 մմ տեղումներ։

Վերջին երկու օրերին Չեխիայի որոշ քաղաքներում թափվել է ամսական տեղումների քանակի 3/4-ից ավելին: Պրահայում տեղումների քանակը կազմել է 29,1 մմ, ինչը ամբողջ սեպտեմբերին նորմայի 77%-ն է, Չեսկե Բուդեյովիցեում՝ 44 մմ կամ ամսական նորմայի 85%-ը, իսկ Բռնոյում՝ 73,5 մմ կամ ամսական նորմայի 150%: