Միջազգային

Լայնածավալ ջրհեղեղներ` եվրոպական մի շարք երկրներում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Միջերկրածովյան ակտիվ «Անետ» ցիկլոնը աշխատանքային շաբաթվա վերջին հարվածել է Կենտրոնական և Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրներին հորդառատ անձրևներով և ամպրոպով։ Հորդառատ անձրևներ են տեղի ունեցել Ավստրիայում, Սլովակիայում, Ռումինիայում Հունգարիայում և Լեհաստանի հարավ-արևմուտքում, սակայն ամենաշատը տուժել է Չեխիան: Չեխիայի գրեթե ողջ տարածքում ուրբաթ օրվա երկրորդ կեսից շարունակաբար տեղացել են հորդառատ անձրևներ, որոնք մեծ ջրհեղեղների պատճառ են դարձել և որի գագաթնակետը սպասվում այսօր: Երկրի մի շարք քաղաքներում և գյուղերում արդեն սկսվել է բնակիչների տարհանումը, հայտնում է Չեխիայի ազգային հեռուստաընկերությունը։

Չեխիայի հիդրոօդերեւութաբանական ինստիտուտի կանխատեսմամբ, անձրևները կդադարեն միայն երկուշաբթի երեկոյան։ Բոլոր գետերում ջրի մակարդակը զգալիորեն բարձրացել է, իսկ մի շարք լեռնային գետերում այն ​​արդեն դուրս է եկել ափերից։ Ուժեղ քամիներից և խոնավ հողից ընկած ծառերը որոշ հատվածներում փակել են մայրուղիներն ու երկաթուղիները: Հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության։ Որոշ քաղաքներում և գյուղերում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները սկսել են բնակիչներին տարհանել հեղեղված տարածքներից: Մասնավորապես, հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Բռնոյում (երկրի հարավ-արևելքում) մի շարք բուհերի ուսանողներ տարհանվել են ջրով շրջապատված հանրակացարաններից։

Չեխիայում վերջին անգամ նմանատիպ ջրհեղեղներ դիտվել էին 1997 և 2002 թվականներին: Ըստ կանխատեսումների այս տարվա հեղեղումներն իրենց հասցված վնասներով կգերազանցեն վերը նշված տարեթվերին եղած ջրհեղեղներին:

Չեխիայի հիդրոօդերեւութաբանական ինստիտուտի (CHHMI) կանխատեսման համաձայն՝ ուրբաթից երկուշաբթի երեկոյան հանրապետության տարածքում առանձին վայրերում հնարավոր է թափվեն մինչև 300 մմ տեղումներ։

Վերջին երկու օրերին Չեխիայի որոշ քաղաքներում թափվել է ամսական տեղումների քանակի 3/4-ից ավելին: Պրահայում տեղումների քանակը կազմել է 29,1 մմ, ինչը ամբողջ սեպտեմբերին նորմայի 77%-ն է, Չեսկե Բուդեյովիցեում՝ 44 մմ կամ ամսական նորմայի 85%-ը, իսկ Բռնոյում՝ 73,5 մմ կամ ամսական նորմայի 150%: