ՆԱՏՕ-ի երկրներն այժմ ոչ միայն քննարկում են Կիևի կողմից հեռահար զենքի հնարավոր կիրառումը, այլև որոշում են ուղղակիորեն ներգրավվել ուկրաինական հակամարտության մեջ, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«ՆԱՏՕ-ի երկրներն այժմ, ըստ էության, որոշում են կայացնում՝ անմիջականորեն ներգրավվե՞լ ուկրաինական հակամարտությանը, թե՞ ոչ։ Ուկրաինան, առանց Արևմուտքի օգնության, ի վիճակի չէ հարվածներ հասցնել Ռուսաստանի Դաշնության տարածքում, դրա համար նրան անհրաժեշտ են հետախուզական տվյալներ արբանյակներից և թռիչքային առաքելություններից։
Կիևն արդեն իսկ հարվածում է ԱԹՍ-ներով և այլ միջոցներով, բայց երբ խոսքը գնում է արևմտյան արտադրության հեռահար ճշգրիտ զենքերի մասին, դա արդեն բոլորովին այլ պատմություն է։ Փորձագետները կհաստատեն՝ ուկրաինական բանակն այդ զենքերով չի կարող հարվածել, դա կարող են անել միայն ՆԱՏՕ-ի զինվորները։ Արևմուտքի անմիջական մասնակցությունն ուկրաինական հակամարտությանը փոխում է էությունը, Ռուսաստանը ստիպված կլինի որոշումներ կայացնել՝ ելնելով ստեղծված սպառնալիքներից»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Կիևին Ռուսաստանի տարածքի խորքերը հարվածելու համար հեռահար զենք օգտագործելու թույլտվություն տալու հարցը դեռ մշակվում է։ Ավելին, բրիտանական Financial Times թերթը գրել էր, որ ամերիկյան վարչակազմում այս թեմայով պառակտում կա։