ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփը և Քամալա Հարիսն անցկացրել են նախագահական առաջին բանավեճը։
Երկուսն էլ բավականին ժամանակ են հատկացրել ռուս-ուկրաինական պատերազմի քննարկմանը։
Դոնալդ Թրամփի հայտարարություններից․
- Ուզում եմ, որ այս պատերազմն ավարտվի
- Ուկրաինայում միլիոնավոր մարդիկ են զոհվում, դա սարսափելի է
- Մենք Ուկրաինային շատ փող ենք տվել, ավելին, քան Եվրոպան
- Ես շատ լավ գիտեմ Զելենսկիին և Պուտինին, նրանք ինձ հարգում են․ նրանք չեն հարգում Բայդենին
- Ես կդադարեցնեմ այս պատերազմը նույնիսկ նախագահ դառնալուց առաջ
- Ուկրաինայում պատերազմը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի, մենք շատ մոտ ենք դրան
- ԱՄՆ-ի ազգային շահերից է բխում, որ պատերազմը դադարեցվի
Քամալա Հարիսի հայտարարություններից՝
- Ուկրաինան պետք է հաղթի պատերազմում
- Թրամփը 24 ժամվա ընթացքում կհանձնի Ուկրաինան, եթե նրան նախագահ ընտրեն
- Եթե չլիներ մեր օգնությունը, Պուտինն արդեն Կիևում նստած կլիներ
- Մենք կօգնենք Զելենսկիին, քանի որ հակառակ դեպքում Պուտինի զորքերը կլինեն Լեհաստանում
- Ուկրաինան պաշտպանվելու իրավունք ունի և ԱՄՆ-ի ու դաշնակիցների աջակցության շնորհիվ շարունակում է դիմակայել ռուսական զորքերին ու հակահարված տալ
- Մեր հրթիռների և սարքավորումների շնորհիվ Ուկրաինան դեռ գոյություն ունի և պաշտպանում է իրեն
- ԱՄՆ-ն պետք է մնա առաջատար՝ միջազգային իրավունքներն ու կանոնները պաշտպանելու համար
- Պուտինը ձեզ կուտի ճաշին
Թրամփը Հարիսին անվանել է պատմության մեջ ամենավատ փոխնախագահը, որը չի կարողացել կանխել պատերազմը։
Հարիսը հարց է բարձրացրել Թրամփի քրեական անցյալի մասին՝ ի պատասխան միգրանտների հանցագործությունների մասին նրա խոսքերի․ «Դա հնչում է մի մարդու շուրթերից, որին հետապնդել են ազգային անվտանգության ոլորտում հանցագործությունների, տնտեսական հանցագործությունների, ընտրություններին միջամտելու համար»,-ասել է Հարիսը։ Ի պատասխան՝ Թրամփն ասել է, որ իր դեմ բոլոր գործերը կեղծ են։
Թրամփը հրաժարվել է ընդունել 2020թ. ընտրություններում իր պարտությունը՝ նշելով, որ արդյունքները կեղծված են եղել։ Նա նաև ասել է, որ չի զղջում 2021թ. հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի համար. «Ես ստացել եմ գրեթե 75 մլն ձայն, ավելի շատ, քան ցանկացած գործող նախագահ՝ երբևէ»։
Բացի այդ, Թրամփը Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսիին մեղադրել է Կապիտոլիումի գրոհի ժամանակ անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների մեջ:
Հարիսը կրկնել է իր նախորդ հայտարարություններից մի քանիսը՝ նշելով, որ Իսրայելն ինքնապաշտպանության իրավունք ունի. «Այս պատերազմը պետք է ավարտվի»,-ասել է նա։
Թրամփը հայտարարել է, որ հակամարտությունը երբեք չէր սկսվի, եթե ինքը լիներ նախագահ. «Նա ատում է Իսրայելին։ Եթե նա նախագահ լինի, կարծում եմ, որ 2 տարի անց Իսրայելը կդադարի գոյություն ունենալ»,-ասել է Թրամփը։