Միջազգային

«Ադրբեջանը ռազմագերիներին ազատելու պարտավորություն չունի»․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսության» ֆորումում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։

Ըստ ադրբեջանական կողմի՝ Հայաստանի պաշտոնյաների կոչը՝ ստորագրել խաղաղության համաձայնագրի նախագիծ՝ չհամաձայնեցված դրույթների դուրսբերմամբ, անընդունելի է։

«Անկախ նրանից, թե ինչ ձևով է հայկական կողմը մտադիր կնքել խաղաղության համաձայնագիր, իրական և կայուն խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական պայմանը Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի շարունակվող տարածքային պահանջների դադարեցումն է, որոնք ամրագրված են այդ երկրի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, հատկապես Հայաստանի Սահմանադրության մեջ, որը բացահայտորեն վկայակոչում է Հայաստանի Անկախության հռչակագիրը՝ կոչ անելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի սահմանադրական ակտում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների առկայության մասին պնդումներին, ապա ևս մեկ անգամ նշում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրության և Հայաստանի Սահմանադրության միջև զուգահեռներ և հավասարություն հաստատելու փորձերը որևէ արդյունք չեն տա։ Ի տարբերություն Հայաստանի Սահմանադրության, Ադրբեջանի Սահմանադրության մեջ նշված 1991 թվականի պետական ​​անկախության մասին սահմանադրական ակտը և 1918 թվականի Անկախության հռչակագիրը տարածքային պահանջներ չեն պարունակում Հայաստանի նկատմամբ»,- ասված է հայտարարությունում։

Ադրբեջանական կողմը համաձայն չէ նաև կոմունիկացիաների բացման մասով ՀՀ վարչապետի ելույթի հետ և համարում է, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետում հստակ նշված է, թե ինչ պարտավորություններ է կրում Հայաստանը և ինչպես է կազմակերպվելու տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունը։

«Ռազմագերիների վերադարձի հարցում Ադրբեջանը պարտավորություն չունի ազատ արձակել ռազմական հանցագործներին։ Ադրբեջանը դեռ հավատարիմ է հումանիզմի սկզբունքին և յուրաքանչյուր ռազմագերիի հանձնել է Հայաստանին»,- ասվում է հայտարարությունում։