Ավելի քան 450 ՀԿ է գրանցվել «Օտարերկրյա գործակալների» ռեեստրում. հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն.
«Վրաստանի արդարադատության նախարարություն է դիմել ավելի քան 450 ոչ կառավարական կազմակերպություն, այսինքն, արտասահմանյան ֆինանսավորմամբ աշխատող կազմակերպությունների զգալի մասը»,-ասել է Կոբախիձեն։
Կոբախիձեի խոսքով՝ ՀԿ-ներին ճնշում են և շանտաժի ենթարկում.
«Սպառնալիքների ֆոնին՝ ելնելով երկրի շահերից, որոշել ենք ՀԿ-ների համար դրամաշնորհային ծրագիր ստեղծել՝ լուծելու մի շարք խնդիրներ, որոնցից են՝ կոռուպցիայի դեմ պայքար, հաշմանդամություն ունեցող անձանց խնամք, շրջակա միջավայրի պաշտպանություն, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավունքների և շահերի պաշտպանություն և այլն։
Ծրագիրը կսկսեն ֆինանսավորել 2025թ. հունվարից։ ՀԿ-ները, որոնք աշխատում են ի շահ վրաց ժողովրդի, պետբյուջեից 2 անգամ ավելի շատ գումար կստանան, քան ստացել են օտարերկրյա դոնորներից»,-հավելել է Կոբախիձեն։