Միջազգային

Գազայի թունելները շատ ընդարձակ են և երկար. իսրայելցի գերի

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Իսրայելի բանակը ոչինչ չգիտեն Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի թունելների մասին․ հայտարարել է ազատ արձակված իսրայելցի գերի Ադինա Մոշեն:

Գազայի հատվածից վերադարձած իսրայելցի գերուհի Ադինա Մոշեն հայտարարել է, որ Իսրայելի բանակը տեղյակ չէ ՀԱՄԱՍ-ի թունելների մասին։ Իսրայելական «Շաբակ» հատուկ ծառայությունը նրանից պահանջել է պատկերել Գազայի հատվածի թունելների քարտեզը:

««Շաբակն» ինձ խնդրեց նկարել թունելների քարտեզը, բայց ես պատասխանեցի, որ նկարչուհի չեմ։ Նրանք ինձ խնդրեցին դա անել, քանի որ իրենք ոչինչ չգիտեն թունելների մասին: Գազայի հատվածի թունելները շատ ընդարձակ են և երկար․ դրանք անցնում են գետնի տակի ողջ հատվածով: Գազայի հատվածում ոչ թե մեկ թունել է, այլ բազմաթիվ թունելների մի ողջ ցանց, որոնք անվերջ ձգվում են», - նշել է նա։

«Ռազմական ճնշումը չի հանգեցնի իսրայելցի ռազմագերիների վերադարձին», - ընդգծել է Մոշեն․ «Նեթանյահուն ստում է, նա և բանակը ոչինչ չգիտեն Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի թունելների մասին», - ասել է նա: