Միջազգային

Լարիսա Դոլինան Մոսկվայում ջազ ակումբ կբացի

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լարիսա Դոլինան հայտարարել է, որ ծրագրում է թոռնուհու՝ Ալեքսանդրայի ծննդյան օրը Մոսկվայում բացել իր ջազ ակումբը։

Սեպտեմբերի 28-ին Դոլինայի թոռնուհին կդառնա 13 տարեկան։ Երգչուհին ասել է, որ դեռևս տեխնիկա է գնում ակումբի համար։ Նա ցանկանում է, որ բացման արարողությունը շքեղ լինի: Երգչուհին նշել է, որ մասնակցել է շինարարության բոլոր փուլերին և անձնական առաջարկություններով է հանդես եկել։

«Իհարկե, ես ճարտարապետությունից ու շինարարությունից ոչինչ չեմ հասկանում, բայց հասկանում եմ, թե ինչպես պետք է լինի ակումբի ներսի հատվածը»,- բացատրել է նա։

Դոլինայի խոսքով՝ հաստատությունը պարբերաբար համերգներ է կազմակերպելու տարբեր ժանրերի արտիստների հետ։ Երգչուհին չի ցանկանում, որ իր ակումբը կենտրոնանա միայն ջազի վրա։

«Կլինի ռոք ծրագրեր, հանրաճանաչ երաժշտություն, նաև կմտածեմ յուրահատուկ մի բան, որը ոչ մի տեղ չի լինի»,- ասել է նա։