Միջազգային

Досье-ն պարզել է՝ ինչպես են ապրում Պուտինի զավակները

Досье լրագրողական կենտրոնը պարզել է՝ ինչպես են ապրում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեխաները։ Կենտրոնը նշում է, որ Պուտինը երկար ժամանակ թաքցրել է դստրերի՝ Կատերինա Տիխանովսկայայի և Մարիա Վորոնցովայի գոյությունը, ինչպես նաև այն փաստը, որ երեխաներ ունի օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաևայից։

Կաբաևայի հետ սիրավեպի մասին հայտնի է դարձել 2008թ.։ Досье-ն պարզել է՝ որտեղ և ինչպես են ապրում Պուտինի և Կաբաևայի որդիները։ Հայտնի է, որ նրանց անուններն են Իվան և Վլադիմիր կրտսեր, մանկությունն անցկացրել են Շվեյցարիայում։ Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ Կաբաևան նաև երկվորյակ աղջիկներ ունի։

Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո Կաբաևան երեխաների հետ վերադարձել է Ռուսաստան։ Պաշտոնապես երբեք չի հայտարարվել, որ Կաբաևայի որդիները Պուտինից են։ Նրանց անունները հնարավոր չէ գտնել պետական ռեգիստրում։ Նրանց ծննդյան ճշգրիտ ամսաթիվը ևս հայտնի չէ։

Իվանը և Վլադիմիր կրտսերը տեղաշարժվում են մասնավոր ինքնաթիռներով, սովորում են տնային պայմաններում և գտնվում են պահպանության դաշնային ծառայության շուրջօրյա հսկողության տակ, գրեթե չեն շփվում իրենց հասակակիցների հետ և հազվադեպ են տեսնում իրենց հորը։

2022թ. SonntagsZeitung թերթը գրել էր, որ Պուտինն ու Կաբաևան երկու երեխա ունեն՝ նշելով, որ օլիմպիական չեմպիոնուհին հղիության շրջանում դիմել է շվեյցարացի գինեկոլոգին։ Երեխաների գոյությունը խնամքով թաքցվել է։

Досье-ն նշում է, որ Պուտինի որդիների անձնակազմն ընտրվել է English Nanny գործակալության միջոցով։ Նշվել է, որ «ընտանիքն ապրում է մեկուսացման մեջ»։ 2024թ. ընտանիքը տղաների համար անգլերենի ուսուցիչներ էր փնտրում։ Աշխատանքը՝ շաբաթական 5 օր, ընդհանուր՝ 60 ժամ, աշխատավարձը՝ ամսական 7700 եվրո։

Հետաքրքրական է, որ անձնակազմի հատուկ չափանիշներ կան. նախապատվությունը տրվում է ՀԱՀ անձնագիր ունեցող թեկնածուներին, պոտենցիալ աշխատողը պետք է պատրաստ լինի բժշկական թեստեր անցնել աշխատանքի առաջին երկու շաբաթվա ընթացքում, արգելվում է լքել այն տարածքը, որտեղ ապրում է ընտանիքը: Հայտարարությունը մշտապես թարմացվում է։

Պուտինի որդիներն ապրում են լիակատար մեկուսացման մեջ, սիրում են Disney մուլտֆիլմերն ու համակարգչային խաղեր։ Նրանք արձակուրդներին հանդիպում են հասակակիցների հետ (խնամքով ընտրված): Դայակները չորսն են, նրանցից ոմանք նախկինում Վալդայի նստավայրի աշխատակիցներ են եղել։